Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ


Ստեղծագործական-հետազոտական ճամբարի (այսուհետ` ճամբար) գործունեության սկիզբն ու վերջը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Ձմեռային ճամբարին մասնակցում են ծրագրի բոլոր սովորողները, դասավանդողները: Ամառային ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտ սովորողները: Սովորողի ծնողի մասնակցությունը խրախուսվում է: Ճամբարականների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ դպրոցների սովորողներ ու դասավանդողներ, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել իրենց նախաձեռնությամբ, կամ որոնց հրավիրել են ծրագրի սովորողները, դասավանդողները:

Ճամբարի գործունեությունը ղեկավարում է դպրոցի ղեկավարը կամ կրթահամալիրի տնօրենի նշանակած մանկավարժական այլ աշխատող: Ճամբարի նախապատրաստական աշխատանքը ղեկավարն սկսում է առնվազն15 օր առաջ (ջոկատների որոշում, ջոկատի ղեկավարների հետ` աշխատակարգի, իրականացվող նախագծերի որոշում)։ Ճամբարի ղեկավարը ճամբարի գործունեությունն սկսելուց առնվազն 1 շաբաթ առաջ կրթահամալիրի տնօրենին է ներկայացնում կատարելիք աշխատանքների ցանկը, դրանց կատարման համար անհրաժեշտ գործիքների ցուցակը, այն սովորողների ցուցակը, ովքեր կարող են հյուրընկալել մարզերից եկած սովորողների:

Ճամբարի մասնակիցները բաժանվում են աշխատանքային ջոկատների: Ջոկատը կրթահամալիրի տնօրենի հրամանով կարող է ճամբարը կազմակերպել նաև կրթահամալիրից դուրս: Ամեն օր պարտադիր են ճամբարի ընդհանուր հավաքները` ընդհանուր պապապմունք-տողաններ, մարզական, երաժշտական և այլ: Ճամբարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից առնվազն մեկ անգամ մասնակցում է ուսումնական ճամփորդության` առանց գիշերելու:

Մասնակիցների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպվում են ծնողների միջոցներով (տնօրենը կարող է հատկացնել նաև այլ գումարներ):

Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է երևանցի սովորողների ընտանիքներում կամ կրթահամալիրի հյուրատանը:

Ճամբարի գործունեության ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն, որում ընդգրկվում են հետևյալ հարցերի պատասխանները.

  • մասնակիցների քանակը` ըստ ջոկատների և ըստ օրերի (ցուցակները կցվում են),
  • ըստ օրերի ֆինանսական ծախսերը` նշելով կրթահամալիրի ներդրումն առանձին, ծնողներինն առանձին, այլ ներդրումներն առանձին,
  • ուսումնական ճամփորդությունների նախապատրաստումը, դրանց հաշվետվությունները (ճամփորդության մեկնողների ցուցակը կցվում է),
  • նախատեսված և կատարված հանրօգուտ աշխատանքների ցանկը (որտե՞ղ, ի՞նչ աշխատանքներ),
  • նախատեսված և կատարված հետազոտական աշխատանքների ցանկը,
  • բազմօրյա արշավների նախագծերը:

Ճամբարում կատարված ստեղծագործական-հետազոտական ավարտուն աշխատանքները և մշակված նախագծերը ներկայացվում են սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսներում: