
Մինչ Վաղաշենի բնապահպանական ճամբար հասնելը կանգառ ունեցանք Բերդկունքում, հաղթահարեցինք բարձունքը, իսկ բարձունքի վրա տեսարանը վեհացնող էր։
Մեզ էին միացել նաև երկու էնտուզիաստ երիտասարդներ՝ Նիկոլան և Էմիլը, ովքեր մեզ նույնպես վարակեցին իրենց էնտուզիազմով։ Երիտասարդների նպատակն էր Հայաստանում տարածել և միջազգային մակարդակի բասկետբոլային խաղեր անցկացնել։ Մենք էլ որոշեցինք ժամանակ չկորցնել և տեղում կազմակերպել բասկետբոլային ընկերական խաղ։ Խոսեցի Մարտունու ինֆոտան ներկայացուցիչների հետ և տեղում կազմակերպեցինք ընկերական հանդիպում։ Նիկոլան ուրախ էր իր փորձը և գիտելիքները փոխանցել մյուսներին։
Վաղաշենում առաջին օրը ամփոփեցինք լողով և խարույկի շուրջ երաժշտություն լսելով, քննարկելով օրվա տպավորությունները։
Երկրորդ օրը լի էր քննարկումներով, կլոր սեղան-հանդիպումներով։ Հյուրընկալեցինք ԱԻՆ աշխատակիցներին, ովքեր ճամբարականների հետ խոսեցին առաջին բուժօգնության, հրդեհավտանգ իրավիճակներում ճիշտ գործողությունների կազմակերպման վերաբերյալ։
Կլոր սեղան-հանդիպմանը «Դար» հիմնադրամի և ճամբարականների հետ միասին քննարկեցինք «Գագարին» նախագծով ճամբարային գործունեության հետագա շարունակությունը, ակնկալիքները և զարգացման հնարավորութունները, ինչպես նաև տարածքները ընդլայնելու և էլ ավելի շատ համայնքներ ներգրավելու կարևորությունը, քանզի մշակութային նմանօրինակ փոխանակումը, նման կապերի ստեղծումը և պահպանումը խթան է հանդիսանում ոչ միայն բարեկամական հարաբերությունների ստեղծման, այլ նաև մի շարք կարծրատիպերի չեզոքացման։ Ուստի նախագիծը ունենալով նման նվիրյալներ կոչված է էլ ավելի մեծ հաջողությունների գրանցման։
Օրվա վերջում հյուրընկալեցինք «Կարմիր Խաչ» կազմակերպության անդամներին, միասին պատրաստեցինք կարտոֆիլի փուռ, իսկ ճամբարականները հետաքրքրությամբ մասն էին կազմում գործընթացի։
Երրորդ օրը լի էր հուզումներով և թաց աչքերով, քանի որ ճամբարականները չէին ցանկանում հրաժեշտ տալ։ Իսկ սա հարաբերությունների նոր սկիզբն է, ճամբարականները մտերմացան ընտանիքներով և պատրաստ են օգնել միմյանց զանազան հարցերում։
Վերադարձին կանգառ ունեցանք Մարտունու մշակույթի տանը՝ ծանոթանալու երկրագործական զանազան իրերի և դրանց նշանակությանը։
Ճամբարը արդարացրեց իր առջև դրված խնդիրները, իսկ սա մեկնարկն է էլ ավելի եռանդով շարունակելու սկսածը։
One thought on “Վաղաշենի բնապահպանական ճամբար”