
Նախագծի անցկացման վայրը` հյուսիսային դպրոց_պարտեզ
Ամսաթիվը` 08 ապրիլ 2022թ.
Տարիքային խումբ` հյուսիսային դպրոցի չորրորդ դասարանի սաներ
Նպատակը` սաներին ծանոթացնել մեր մեծ նկարիչների արվեստին, նկարներին, ուշագրավ կյանքի պատմություններին և հնարավորություն տալ ավելի մոտ գտնվել արվեստին։
Ներածություն
Քանի որ սաները շատ են սիրում նկարել, արվեստին առավել մոտ լինելը և ճանաչելը միայն դրականորեն կնպաստի սաների արժեքների ընկալման և իրական արվեստը տեսնելու ու փոխանցելու կարողությանը։
Մարտիրոս Սարյանը համարվում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։
Ծանոթություն Մարտիրոս Սարյանի կյանքի ուշագրավ պատմություններին, որոնք շարժիչ ուժ են հանդիսացել ստեղծագործելու համար.
Ո՞ վ էր Սարյանի մուսան…
«Հին Թիֆլիսի սրճարաններից մեկում, որտեղ հավաքվում էր հայկական մտավորականությունն ու քննարկում ազգափրկության հարցեր, մի օր Մարտիրոս Սարյանը հանդիպում է նրան, ով պետք է դառնար նկարչի մուսան ու կիսեր նրա ճակատագիրը: Նա Ղազարոս Աղայանի դուստրն էր` Լուսիկ Աղայանը: Աղջկան սիրահարվեց առաջին հայացքից։ Նա Սարյանի համար դարձավ կանացի կատարյալ գեղեցկության մարմնացում: Նկարիչների շարքում Սարյանը միամուսնության բացառիկ օրինակ է: Իր կնոջը նա նկարում էր ողջ կյանքի ընթացքում` առաջին կտավներում երիտասարդ Լուսիկն է, հետո արդեն սիրելի կինն առօրյա կյանքում է։ Նա նկարում էր Լուսիկին քնած, գիրք կարդալիս, տան գործերն անելիս, հեռախոսով զրուցելիս, նույնիսկ լվացք անելիս: Նա հիանում էր կնոջ գեղեցկությամբ, պաշտում նրան ու գնահատում մինչև մահ: Փարիզից նա կնոջը գրում էր. «Դու հերոս ես, ուրիշ կին չէր կարողանա իր ուսերի վրա տանել պատասխանատվությունը երեխաների համար, ու նաև ամուսնուն երկար ժամանակով Փարիզ թողնել` անգամ իմանալով, թե որքան կարևոր է դա նրա կարիերայի համար»:
Նկարչի արվեստում կարևոր տեղ են գրավում նատյուրմորտները: Ամբողջ կյանքի ընթացքում Սարյանը նկարել է հայրենի բնաշխարհի ծաղիկներն ու մրգերը, որոնք բնության հետ նկարչի հատուկ զրույցի անմիջական արտահայտություններն են։





Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երեւանում բացվել է 1967թ.-ին` նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է 1932թ. կառուցված երկհարկանի առանձնատնից եւ 1967թ.-ին կառուցված եռահարկ պատկերասրահից: Սարյանի տան հատակագծի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանը, թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Վերանորոգման եռամյա աշխատանքներից հետո 2016թ.-ի նոյեմբերի 8-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերաբացվեց:
Տեսանյութը Մարտիրոս Սարյանի մասին այստեղ։
2 thoughts on “Ճանաչենք մեր մեծերին. Մարտիրոս Սարյան”