
Անդրադառնամ նախ այն մտքին, որ դասավանդումը գիտություն չէ, ինչ խոսք համաձայն եմ մտքի հետ, թերևս դասավանդումը հնարավոր չէ գիտություն համարել, բայց գտնում եմ որ դասավանդումը մի քանի հումանիտար գիտությունների միացմամբ և որոշակի մակարդակի ուսուցում պահանջող մասնագիտություն է։
Միանշանակ և աներկբա համաձայն եմ մտքի հետ, որ դասավանդումը պահանջում է ուղեղը միշտ ճկուն պահել, մշտապես ինքնակրթվել և գիտելիքները թարմացնել։ Դասավանդումը ըստ իս, մշտապես նորը բացահայտելու, ուսումնասիրելու, հետազոտելու և նույն խանդավառությամբ փոխանցելու մասին է։
Համաձայն եմ մտքի հետ, որ անհրաժեշտ է գտնել դասավանդման նպատակը, այսինքն դասավանդումը ենթադրվում է որ պետք է դինամիկ լինի, անընդհատ մոտիվացիա լինի նորը սովորելու, իսկ մոտիվացիայի աղբյուրը` դասավանդողի կողմից պարբերաբար ընդգծել որևէ գիտելիքի անհրաժեշտությունը և ամենակարևորը պիտանիությունը։ Երբ որևէ գործողության մեջ դրվում է հասկանալի նպատակ, ապա պարզ է դառնում նպատակին տանող քայլերի իմաստը։
Ինչպես նաև կարևոր եմ համարում երեխաների մոտ զարգացնել «մաթեմատիկական մտածողությունը», քանզի, սա ոչ միայն անհրաժեշտ է մաթեմատիկական գիտության կիրառման ժամանակ, այլ նաև ամբողջ կյանքի ընթացքում, տարբեր իրավիճակներում։
Միանշանակ համամիտ եմ մտքի հետ, որ դասավանդողին արդեն վաղուց ծանոթ ապացույցը, անհրաժեշտություն է պարզապես, ներկայացնել նույն էնտուզիազմով, ինչը որ ունեցել եք այն առաջին անգամ լսելիս։ Երեխաները զգում են դասավանդողի մոտեցումը, հետաքրքրվածությունը և այն էներգիան, որը դասավանդողը փոխանցում է, առարկան ներկայացնելիս։
Եռանդուն ուսումնասիրման մասով, հակված եմ այն կարծիքին, որ նախ անհրաժեշտ է երեխայի մոտ՝ եռանդ և հետաքրքրվածություն առաջացնել, մարզել հետազոտական և վերլուծական հմտությունները, այնուհետև ակնկալել տրվածի արդյունքը։ Այս ամենը դոգմատիկ է թվում և բարդ իրագործելի, բայց ամենակարևորը եռանդը և նվիրումը նպատակին, կօգնեն իրագործել այն։
Որպեսզի սովորողի մոտ պահպանվի հետաքրքրվածությունը և հետազոտելու շարժառիթը, կարևոր է, որ ուսուցման գործընթացը չլինի ծանրաբեռնված, հոգնեցնող և հետևաբար տրված ամբողջ հանձնարարությունը ապարդյուն դառնա։ Անհրաժեշտ է չհոգնեցնել ծանրաբեռնվածությամբ, որպեսզի տրվածը ի վերջո հետագայի համար թողնի մնայուն գիտելիքներ։ Ուսումնասիրելով երեխայի հոգեբանությունը և տարբեր երկրների փորձը, համամիտ եմ մտքին, որ կարիք չկա երեխային ստիպել անել որևէ առաջադրանք, եթե երեխան օրինակ խնամում է ծաղիկները, դա նույնպես իր մոտ որևէ հմտություն է զարգացնում և նա դրա կարիքը ունի։
Այնուամենայնիվ չեմ ցանկանում, ամբողջ պատասխանատվությունը վերապահել դասավանդողին, քանզի պետք չէ մոռանալ նաև սովորողների տարբեր լինելը՝ պայմանավորված գենետիկ առանձնահատկություններով, ընտանեկան կարգավիճակով, ծնողների աշխարհայացքով և կրթությանը մոտեցմամբ, ուստի համարձակվում եմ մասնակիրորեն չհամաձայնել Ջորջ Պոյաի մտքին, որ ուսուցիչը եթե չի կարողանում «իրացնել» իր առարկան ապա պետք է առաջնորդվել «գնորդը միշտ ճիշտ է» սկզբունքով, բայց համամիտ եմ այն մասով, որ սովորեցնողը պետք է փորձի հետաքրքրություն առաջացնել։
Վերլուծելով Կանտի ասույթը՝ մարդկային իմացությունը սկսում է փորձով որևէ երևույթ հասկանալու, այնուհետև այդ փորձը վերածվում է հասկացությունների, որը ըմբռնելի է դառնում մարդու համար և երրորդը սեփական մտավոր ընկալումներին համապատասխան կառուցվածք ստանալով։