Աստվածայինը ներսում է, ոչ դրսում
Մի անգամ Ռաբիյան, ով հայտնի էր իր առեղծվածային բնույթով, փողոցում` իր փոքրիկ հյուղակի առաջ ինչ-որ բան էր փնտրոււմ: Արևը մայր էր մտնում, ու ստվերները գնալով խտանում էին: Հավաքվեցին մարդիկ: Հարցնում էին.
— Ի՞նչ ես անում, ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես փնտրում:
— Ասեղն եմ կորցրել, — ասում էր կինը:
— Արևը մայր է մտնում: Ասեղ գտնելը դժվար կլինի, բայց մենք քեզ կօգնենք: Ո՞ր մասում է ընկել: Ասեղը փոքր է, իսկ ճանապարհը` լայն: Եթե ընկած տեղն իմանանք, գտնելը ավելի հեշտ կլինի:
— Էդ հարցը ինձ պիտի չտայիք,- ասաց Ռաբիյան,- որովհետև ասեղն, ըստ էության, ոչ թե փողոցում է ընկել, այլ տանը:
Մարդիկ սկսեցին ծիծաղել.
— Գիտեինք, որ խելքդ գցել ես. եթե ասեղը տանն է ընկել, ինչո՞ւ ես դրսում փնտրում:
— Շատ պարզ և տրամաբանական պատճառով. տանն արդեն մութ է, իսկ դրսում դեռ մի քիչ լույս կա:
Մարդիկ ծիծաղեցին և սկսեցին ցրվել: Ռաբիյան նրանց ետ կանչեց և ասաց.
— Հիմա լսեք ինձ: Դուք հենց դա էլ անում եք: Ես ընդամենը ձեր օրինակին եմ հետևում: Դուք գնում եք Աստվածայինը փնտրելու արտաքին աշխարհում` առանց տալու առաջնային և ամենակարևոր հարցը` որտե՞ղ եք այն կորցրել: Իսկ ես ձեզ ասում եմ` դուք այն ներսում եք կորցրել: Դուք այն դրսում եք փնտրում այն պարզ, տրամաբանական պատճառով, որ ձեր զգայական օրգանները դեպի դուրս են ուղղված, և դրսում մի քիչ լույս կա: Ձեր աչքերը դուրս են նայում, ձեր ականջները դրսի ձայններն են լսում, ձեր ձեռքերը դեպի դուրս են ձգվում, և այդ պատճառով էլ դուք փնտրում եք դրսում: Իսկ ես ձեզ ասում եմ, դուք Աստվածայինը կորցրել եք ոչ այնտեղ, ուր փնտրում եք: Եվ դա ձեզ ասում եմ իմ սեփական փորձից ելնելով: Ես նույնպես փնտրել եմ դրսում, փնտրել եմ երկար, շատ կյանքեր, և երբ մի անգամ նայեցի ներս, մնացի զարմացած. պետք չէր երկար զննել հասկանալու համար` այն միշտ իմ ներսում էր եղել:
Վերլուծություն`
Առակը վերաբերում է մարդու` Աստվածային գաղափարների փնտրտուքներին, պետք չէ Աստվածայինը առարկայացնել և փնտրել, բոլորս մեր մեջ ենք կրում հավատքը։
Երեք խորհուրդ
Մի մարդ բռնեց փոքրիկ թռչուն:
-Բաց թող ինձ, և ես քեզ կտամ երեք կարևոր խորհուրդ,_ասաց նրան թռչնակը:
Առաջին խորհուրդը թռչնակը խոստացավ տալ, երբ մարդը նրան բաց կթողներ ձեռքից, երկրորդը՝ երբ կնստեր ճյուղին, և երրորդը՝ երբ կբարձրանար բլրի գագաթը: Մարդը համաձայնվեց և հարցրեց, թե որն է նրա առաջին խորհուրդը:
-Երբ կզրկվես ինչ-որ բանից, մի ափսոսա երբեք: Մարդը բաց թողեց թռչնակին, և թռչնակը երգեց ճյուղի վրայից.
-Մի հավատա այն ամենին,ինչն անհեթեթ է և չունի փաստեր:
Բարձրանալով բլրի գագաթը՝ թռչնակը այնտեղից բղավեց.
-Ես կուլ եմ տվել երկու մեծ զմրուխտ: Ինձ սպանելով` դու կստանայիր այն:
Հուսահատված մարդը գլուխը վերցրեց ափերի մեջ:
-Տուր ինձ գոնե երրորդ խորհուրդը,- ասաց նա ուշքի գալով:
— Ինչի՞դ է պետք երրորդ խորհուրդը,- ձայն տվեց թռչնակը,- եթե դու ափսոսացիր այն ամենի համար, ինչ կորցրել էիր և հավատացիր անհեթեթությանը: Մտածիր`ինչպես կարող է մի փոքրիկ թռչնակի մեջ տեղավորվել երկու մեծ զմրուխտ: Դու հիմար ես, և իմ խորհուրդները քեզ չեն օգնի:
Վերլուծություն`
Կյանքը կամ մարդիկ ինչպիսի պրովոկացիաներ էլ որ ստեղծեն, չենթարկվել դրանց ու հիմնվել իրողությունների և տրամաբանական վերլուծությունների վրա։ Քանզի առակը վերաբերում է մարդու, ով զուրկ է տրամաբանական իրողությունների մեջ զուգահեռներ անցկացնելուց և ասվածի ու իրողության մեջ տրամաբանական հանգույց դնելուց։
Ես ընտրում եմ երանությունը
Վարպետ Բախաուդինը երջանիկ մարդ էր: Ժպիտը նրա դեմքից երբեք չէր պակասում: Նրա կյանքը լիքն էր տոնի ուրախ տրամադրությամբ: Նույնիսկ մահանալիս նա անհոգ ծիծաղում էր : Թվում էր, թե նա վայելում էր մահվան գալուստը:
Սովորողները նստած էին նրա շուրջ և նրանցից մեկը համարձակվեց հարցնել.
— Ուսուցի՛չ, ձեզ ինչպես է հաջողվում միշտ լինել երջանիկ: Այս վերջին րոպեներին ի՞նչն է ձեզ այդպես ուրախացնում:
Ծեր վարպետը ժպտալով պատասխանեց.
— Շատ տարիներ առաջ ես եկա իմ վարպետի մոտ: Ես տասնյոթամյա երիտասարդ էի, բայց արդեն խորապես տառապում էի: Իսկ վարպետը, լինելով յոթանասուն տարեկան, առանց պառճառի ուրախ էր և ժպտում էր: Ես նրան հարցրի. «Վարպե՛տ, ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում», և նա պատասխանեց. «Ցանկացած մարդ իր մեջ ազատ ընտրության հնարավորություն ունի: Սա է իմ ընտրությունը: Ամեն առավոտ, աչքերս բացելով, ես ինքս ինձ հարցնում եմ, թե այսօր ինչ ընտրել՝ երանություն, թե՞ տառապանք : Եվ չգիտես ինչու, ամեն անգամ ընտրում եմ երանությունը: Եվ որ դա իմ կարծիքով այնքա՜ն բնական է»:
Վերլուծություն`
Մենք այն ենք ինչ մտածում ենք, իզուր չէ ասված, և առակն էլ վերաբերում է մարդու ընտրությանը։ Ինչն է մարդը կարևորում, ինչով է առաջնորդվում։ Այլ կերպ ասած առակը Ին_Յանի մասին է, այսինքն պետք է բալանսավորել կյանքի լավ ու վատ կողմերը։
Հնդկական թռչունը
Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:
Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերուհու մասին ինչ-որ վայրի թռչունի: Դա մահացած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:
Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություններ է բերել:
— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:
Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:
— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:
Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու երգեց վաճառականին.
— Անխելք, դա խորհուրդ էր, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատագրվեմ, այդ ուղերձը ինձ փոխանցվեց քո միջոցով, իմ չարչարող:
Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:
Թարգմանությունը՝ Անահիտ Հարությունյանի
Վերլուծություն`
Առակի բանալի միտքը թռչնակի վերջին պատասխանի մեջ էր։ Այսինքն վաճառականը պատմեց ազատության մեջ գտնվող թռչնակի ով իմանալով ազատության արժեքը և գերության դաժանությունը մահացել է և առևտրականը միտք է տվել թռչնակին, ազատության հասնելու։
Ով է ավելի հզոր
Մի արքա էր ապրում, ում համար անտանելի էր այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է իրենից ավելի հզոր լինել: Մի անգամ նա կանչեց իր նախարարներին ու հարցրեց նրանց.
— Ո՞վ է ավելի հզոր՝ ե՞ս, թե՞ Աստված: Նախարարները վախից դողացին ու մտածելու ժամանակ խնդրեցին: Նրանք բոլորն էլ երիտասարդ չէին, ու ոչ ոք չէր ուզում ենթարկվել հալածանքների: Բայց նրանք արժանավոր մարդիկ էին ու չէին ցանկանում ստել:
— Թողեք այդ գործը ինձ, ես կգտնեմ, թե ինչ պատասխանեմ գերագույնին,- ասաց ամենատարեց նախարարը:
Հաջորդ օրը հավաքվել էր ողջ արքունիքը: Եկել էր տարեց նախարարը: Նա խոնարհվեց արքայի առաջ ու հայտարարեց.
— Օ՜, տիրակալ, դու, անկասկած, ավելի հզոր ես, քան Աստված:
Արքան ոլորեց իր երկար բեղերն ու հպարտորեն բարձրացրեց գլուխը: Իսկ ծերունին շարունակեց.
— Դու ավելի հզոր ես, որովհետև կարող ես բոլորիս արտաքսել քո թագավորությունից, իսկ Աստված չի կարող, որովհետև նրա թագավորությունն ամենուր է, և այնտեղից ոչ մի տեղ չես գնա:
Թարգմանությունը՝ Անահիտ Հարությունյանի
Վերլուծություն`
Առակը իմաստության մասին է, քանզի ծերունին իմաստուն գտնվեց` ասելով արքայի ականջին հաճո խոսքեր, բայց նաև հիշեցրեց որ Աստծո թագավորությունը ամենուր է և դրանից փախչել հնարավոր չէ։
Հրեշը
Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների, որ նրանցիցի յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին:
Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի որ ինչպես ասվում է.
«Արդյո՞ք հիմար չէ նա, ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում»:
Նրանք ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե գիտեին և նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ:
Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ և որոշեցին նրան տուն ուղարկել:
Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.
— Դա հատուկ է այնպիսիններին, ինչպիսին դու ես՝ անտարբեր առավելություններ ունեցող, զարգացած մարդկանց նկատմամբ և համառելով, որ դու նրանց հետ հավասար ես:
Բայց այնուամենայնիվ, նրանք թույլատրեցին, որ նա հետևի իրենց, թեպետ նրան դուրս մղեցին իրենց շրջապատից։ Ստացվեց այնպես, որ նրանք ճանապարհին ոսկորներ և ինչ-որ կենդանու մասեր գտան:
— Ահա,- ասաց առաջինը,- իմ պատկերացմամբ այս կույտի մեջ առյուծի կմախք և ոսկորներ են:
— Իսկ ես, — ասաց երկրորդը,- տիրապետում եմ այնպիսի գիտելիքների, որ կարող եմ այս կմախքի միջոցով վերականգնել առյուծի մարմինը:
—Դե, իսկ ես, — ասաց երրորդը, — տիրապետում եմ այնպիսի արվեստի, որ կարող եմ վերադարձնել կյանքը, այնպես, որ ես կարող եմ կենդանանցնել այս մարմինը:
Նրանք որոշեցին այդպես էլ վարվել ոսկորների կույտի հետ՝ կիրառել իրենց գիտելիքները. Չորրորդը, բռնելով նրանց ձեռքերը, ասաց հետևյալ խոսքերը.
—Թեև ես բավարար տաղանդ և ընդունակություն չունեմ, բայց այնուամենայնիվ ինչ-որ բան հասկանում եմ: Սրանք իսկապես առյուծի մնացորդներ են: Նրան կյանքի կվերադարձնենք, և նա մեզ տեղում կսպանի:
Բայց այն երեքը շատ էին ոգևորվել տեղում գործնական աշխատանք կատարելու հնարավորությունից: Մի քանի րոպե անց նրանց դիմաց կանգնեց մի հսկա, կենդանի ու սոված առյուծ:
Մինչ այն երեքը զբաղված էին իրենց գործողություններով, չորրոդը բարձրացավ բարձր ծառի վրա:
Այնտեղից նա տեսավ, թե ինչպես առյուծը հոշոտեց իր ուղեկիցներին և սլացավ դեպի անապատ.
Միակ փրկվածը ծառից իջավ և ճիշտ համարեց վերադառնալ տուն:
Թարգմանությունը՝ Աշխեն Թադևոսյանի
Առակի ուղերձը վերաբերում է`հասարակության մեջ տարածված կարծարտիպերին, մարդկանց մասին` դատողություններ անել հիմնվելով որոշակի կարծրատիպերի վրա, մասնավորապես, եթո այս ամենին տիրապետում է ուրեմն պիտանի է, եթե չի տիրապետում ուրեմն ոչ։ Մարդուն անհրաժեշտ է հնարավորություն ինքնաբացահայտվելու և աշխարհին ցույց տալու սեփական ունակությունները, քանզի յուրաքանչյուր ոք ունի իրեն հատուկ որակներ։
Արժեք
Մի մարդ սիրում էր գուշակել տառային հապավումները: Մի օր նա գնաց ուսուցչին տեսնելու և հպարտությամբ պատմեց իր որոնումների մասին: Ուսուցիչն ասաց.
-Լավ: Գնա տուն և կռահիր ԱԲՈՄՆՉ հապավման թաքնված իմաստը: Մարդը երկար փորձում էր կռահել, թե ինչ է նշանակում այդ հապավումը: Երբ նա հետ վերադարձավ` ուսուցիչը մահացել էր:
-Այժմ ես երբեք չեմ կարող ճշմարտությունն իմանալ,- հառաչեց մարդը: Այդ պահին հայտնվեց ուսուցչի ավագ աշակերտը: Նա ասաց.
— Եթե դու վշտացել ես, որ չես կարող գտնել, թե ինչ է նշանակում ԱԲՈՄՆՉ հապավումը, ես այն կբացեմ: Այն այսպես է հնչում. «Այս բառերը ոչ մի նշանակություն չունեն»:
-Ինչո՞ւ էին ինձ այդպիսի հիմար առաջադրանք տվել, — բղավեց տարակուսած մարդը:
-Եթե քեզ մոտ է գալիս ավանակը, դու նրան կաղամբ ես տալիս: Դա նրա սնունդն է ու կապ չունի, թե նա ինչպես է այն անվանում: Ավանակները հավանաբար, մտածում են, որ կարևոր բան են անում, բայց նրանք պարզապես կաղամբ են ուտում:
Վերլուծություն`
Առակի ուղերձը կայանում է մարդու մոտեցման մեջ` սեփական աշխատանքի բարդության հավատի։ Երբեմն ամեն բան ավելի պարզ է, պարզապես լայնախոհություն է պահանջվում։
Միտք և բանականություն
Շահի որդին անասելի հիմար էր: Շահը երկար մտածեց, թե ինչ ուսման տա նրան և որոշեց. թող սովորի ավազի վրա գուշակություններ անել: Ինչքան էլ որ դեմ էին գուշակ գիտնականները, ստիպված եղան հնազանդվել տիրոջ կամքին: Մի քանի տարի անց նրանք շահի որդուն բերեցին պալատ և խոնարհվեցին շահի առաջ:
-Ձեր տղան յուրացրեց մեզ հայտնի բոլոր գաղտնիքները: Ավելին մենք սովորեցնելու ոչինչ չունենք:
Շահը ափի մեջ ամուր սեղմեց նեֆերտիտե մատանին և հարցրեց.
-Ասա, տղաս, ի՞նչ կա իմ ձեռքում:
Պատանին ավազի վրա նկարեց պատկերներ և մտածելով պատասխանեց.
-Ձեռքիդ մեջ ինչ-որ կլոր բան կա՝ մեջտեղը կլոր անցքով: Ըստ երևույթին դա քար է:
Շահը գոհ ասաց.
-Դու բոլոր նշանները ճիշտ ասացիր: Ասա առարկայի ամբողջ անվանումը:
Պատանին մտածեց և ասաց.
-Ջրաղացքար է:
— Որքան էլ դու գիտելիքի ուժով նշաններ գտնես, -բացականչեց շահը,- միևնույն է, դու չունես այնքան խելք հասկանալու համար, որ ջրաղացքարը չի կարող տեղավորվել ձեռքի մեջ:
Թարգմանությունը՝ Արմինե Մնացականյանի
Վերլուծություն`
Առակի ուղերձը` մարդու հմտությունների զարգացման մասին է, բայց ամեն բան ապարդյուն կլինի եթե ուղեղը միաժամանակ չմարզվի։
Աղոթք
Հայտնի պատմություն կա սիրահարված գեղջկուհու մասին, ով Փենջաբայից էր: Աղջիկը մի օր մտամոլոր քայլում էր դաշտով, որտեղ կրոնավոր մի մարդ աղոթում էր: Ըստ կրոնի՝ չէր թույլատրվում անցնել այդ վայրով: Երբ գեղջկուհին հետ էր գալիս, կրոնավոր մարդն ասաց նրան.
— Ինչ վատ վարվեցիր, հիմար աղջիկ. մեծ մեղք է անցնել այն վայրով, որտեղ մարդ աղոթք է հղում առ Աստծված:
Աղջիկը կանգնեց և շփոթված հարցրեց.
– Ի՞նչ նկատի ունեք աղոթք ասելով:
– Աղո՞թը, – բացականչեց մարդը, – չգիտե՞ս, հիմար աղջիկ, թե ի՞նչ է աղոթքը: Դա զրույց է Աստծո հետ: Աղոթել` նշանակում է մտածել Աստծո մասին, խոսել նրա հետ:
Աղջիկը պատասխանեց.
– Տարօրինակ է: Այդ ինչպե՞ս կարողացաք տեսնել ինձ, եթե մտածում էիք Աստծո մասին, խոսում էիք նրա հետ: Երբ ես անցնում էի դաշտով, ես մտածում էի իմ սիրելիի մասին և խոսում էի նրա հետ: Դրա համար էլ ես ընդհանրապես չեմ նկատել Ձեզ:
Վերլուծություն`
Ինչպես ասում են` ավելի լավ է բարում գարեջուր խմելիս մտածել Աստծո մասին, քան եկեղեցում մտածել գարեջրի մասին։ Առակի խորհուրդը մարդու իրական հավատի մասին է, առանց ինքնախաբեության և հավատ որը իսկապես արժեք ունի։
Համարձա՛կ եղիր, փորձի´ր
Թագավորն իր հպատակներին Գլխավոր հրապարակ հավաքեց, որպեսզի պարզի, թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:
-Իմ հպատակնե´ր,- նրանց դիմեց թագավորը,- ձեզ համար դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ, ինչ-որ մեկն այն կլուծի:
Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:
-Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ո՞վ կարող է այն բացել,-հարցրեց թագավորը:
Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները՝ ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները, կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին, ապա խոստովանեցին, որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին, որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին, ուշադիր զննեց այն, այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես, ցած քաշեց: Ա՜յ քեզ հրաշք, կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց.
-Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես, որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:
Վերլուծություն`
Առակը մարդու համարձակության մասին է, երբ գիտես ադեկվատորեն ուժերդ գնահատել և համարձակություն ունես փորձելու, որովհետև յուրաքանչյուր միտք որը իր մեջ կրում է դրական միտում և հավատ կարողությունների վրա կոչված է հաջողելու։
Ոչ մեծ տարբերություն
Արևելքի տիրակալներից մեկը երազ է տեսնում. իբր թե մեկը մյուսի հետևից ընկնում են նրա բոլոր ատամները: Նա վախեցած իր մոտ է կանչում պալատական երազահաններին: Նրանք լսում են և ասում. — Տե′ր, երազն այն մասին է զգուշացնում, որ շուտով դու կկորցնես քո բոլոր հարազատներին:
Տիրակալը բարկանում է և հրամայում խեղճին բանտ նետել: Հետո կանչում է ուրիշ երազահանի :Նա լսում է երազը, մի փոքր մտածում և ասում.
— Տե´ր իմ, երազն այն մասին է պատմում, որ դու ավելի երկար կապրես, քան քո բոլոր հարազատները:
Տիրակալն անասելի ուրախանում է և առատորեն վարձատրում երազահանին՝ լավ կանխատեսման համար: Պալատականները շատ էին զարմացել.
— Չէ՞ որ դու նրան ասացիր նույն բանը ,ինչ որ այն խեղճ նախորդը: Բայց ինչո՞ւ նա խիստ պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր,_ հարցրին նրանք:
Հետևեց պատասխանը.
— Մենք երկուսս էլ միանման մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված չէ նրանից, թե ինչ կասես, այլ նրանից, թե ինչպես կասես:
Վերլուծություն`
Առակի խորհուրդը կայանում է հարցին դիվանագիտորեն մոտենալու կարողությանը։ Ինչպես նաև, նույնիսկ, բացասական իրողության մեջ գտնել նաև դրական կողմը։